Արագընթաց երկաթուղային օպերատոր SNCF-ը ստիպված է եղել դադարեցնել երթևեկությունը երկրի մեծ մասում՝ Օլիմպիական խաղերի մեկնարկի օրը բռնկված հրդեհների հետևանքով: Ուղևորները սոցցանցերում հրապարակում են Փարիզի երկաթուղային կայարաններում ամբոխների լուսանկարները, գրում է Financial Times-ը։
«Հրդեհները միտումնավոր են բռնկվել՝ վնասելու մեր ենթակառուցվածքը, ինժեներների խմբերն արդեն տեղում են՝ խնդիրները լուծելու համար», - ասվում է SNCF-ի հայտարարության մեջ: «Մենք գործարկել ենք որոշ սովորական գնացքներ, բայց շատ [արագընթաց] գնացքներ պետք է չեղարկվեն»:
Գիշերվա ընթացքում «վանդալիզմի մի քանի գործողություններ» են եղել TGV երկաթուղային ցանցում, որը Փարիզը կապում է Ատլանտյան օվկիանոսի ափին, երկրի հյուսիսում և արևելքում, պարզաբանել է SNCF-ը: Տրանսպորտի նախարար Պատրիս Վերգրիետեն ասել է, որ երթևեկության խափանումները կշարունակվեն ողջ հանգստյան օրերին:
Դրանք կարող են ազդել մոտ 800 հազար ուղևորի վրա, ասել է SNCF-ի գլխավոր տնօրեն Ժան-Պիեռ Ֆարանդուն: Նրա խոսքով՝ միաժամանակ երեք հրկիզման դեպք է տեղի ունեցել, վնասվել են խողովակները, որոնցում անցկացվել են էլեկտրական մալուխները։ Հրդեհի վայրի մոտ հայտնաբերվել են նաև այրվող նյութեր։
Ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի կունենա XXXIII օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ «Դա ուղղակի սարսափելի է», - ուրբաթ առավոտյան BFMTV հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան գնացքի հրկիզման մասին: «Խաղերի վրա հարձակումը հարձակում է Ֆրանսիայի վրա»:
Eurostar գնացքների օպերատորը հայտարարել է Լոնդոնից սպասարկվող ծառայությունների հետաձգումների մասին՝ ֆրանսիական մայրուղում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով:
Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները ակտիվորեն պատրաստվում էին իրավիճակն ապակայունացնելու փորձերին (Փարիզը պարեկում է 45000 ոստիկան), այդ թվում՝ կիբերհարձակումների միջոցով։ Հունիսին հարձակումներ են իրականացվել Grand Palace մշակութային ցուցահանդեսային կենտրոնի և կինոփառատոնի վայրերի վրա. հաքերները, որոնց կիբերանվտանգության փորձագետները կապում էին ռուսական հետախուզական գործակալությունների հետ, հարձակումը որակեցին որպես ուսումնական վարժանք: «Հաշվի առնելով այս խմբի հայտարարությունների հետևողականությունը՝ այն մտադիր է լայնածավալ հարձակումներ իրականացնել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ», - գրել է Cyble կիբերանվտանգության ընկերությունը:




























