Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանի խանութներում կարելի է տեսնել Ամանորի գլխավոր զարդը` Տոնածառը եւ զանազան խաղալիքները: NEWS.am-ը հարցում է անցկացրել խանութների շրջանում` պարզելու, թե որքան արժեն տոնածառերը եւ խաղալիքներն այս տարի: Այսպես` «Սթար» սուպերմարկետների ցանցում տոնածառների գներն սկսվում են 950 դրամից եւ հասնում մինչեւ 30 հազար դրամի: Ինչ վերաբերում է խաղալիքներին, ապա դրանք սկսվում են 90 դրամից եւ հասնում մինչեւ 1200 դրամի: Աշխատակցի խոսքով`միջին չափի տոնածառն իր խաղալիքներով եւ զարդարանքներվ մոտավորապես կարժենա 15-20 հազար դրամ:
«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում տոնածառների գներն սկսվում են 17 հազար 600 դրամից եւ կարելի է գնել մինչեւ 60 հազար արժողությամբ տոնածառ: Տուփերով խաղալիքներն արժեն 1600-7000 դրամ, առանձին խաղալիքներ կան` 1900-3900 դրամի սահմաններում:
Աշխատակցի խոսքով` միջին չափի տոնածառն իր խաղալիքներով կարելի է գնել մոտ 25 հազար դրամով: «Մանկան» խանութում տոնածառերն արժե 19-70 հազար դրամ, իսկ խաղալիքները` 550-3500 դրամ: Կան նաեւ տուփերով խաղալիքներ, օրինակ` տուփի մեջ 4 խաղալիքն արժե 3500 դրամ: Աշխատակցի խոսքով` միջին չափի խաղալիքներով տոնածառ կարելի է գնել մոտ 30 հազար դրամով:
«Տուն-տունիկ» խանութում տոնածառները 5000-300 հազար դրամ են, իսկ խաղալիքները` 10 դրամից մինչեւ 2000 դրամ են: Աշխատակցի խոսքով` կախված գրպանի կարողությունից եւ ճաշակից` միջին չափի տոնածառ կարելի է գնել եւ զարդարել մոտ 30 հազար դրամով:
Այսպիսով` միջին չափի տոնածառ իր խաղալիքներով կարելի է գնել 20-30 հազար դրամով` կախված ճաշակից, ցանկություններից եւ իհարկե գրպանի կարողությունից: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն տոնածառների գները դեկտեմբերի վերջին:
Հ.Գ. Հաճելի ամանորյա նախապատրաստություններ ենք մաղթում բոլորին:




























