«Օրինաց երկիր» կուսակցությունը Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին առանձին է մասնակցելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խորհրդարանի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի, ՕԵԿ-ը վաղուց է որոշակիացրել ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: «Մենք գնալու ենք առանձին ցուցակով ընտրություններին, եթե կլինեն կարեւոր խնդիրներ, որոնք մեծ նշանակություն կունենան երկրի համար եւ դա կպահանջի, որ միավորվենք կոալիցիոն գործընկերներով, կմիավորվենք»,- նշեց նա:
Ավելին, «Օրինաց երկրի» պատգամավորը բավական մեծ ակնկալիքներ ունի ընտրություններից: «Եթե չունենայինք, բնականաբար նման բան չէինք հայտարարի: Ոչ միայն պահպանել, այլեւ մեծացնել ներկայությունը խորհրդարանում»,- նշեց նա, իսկ հարցին, թե ի՞նչ կորոշեն, եթե ՀՀԿ-ն առաջարկի մեկ ընտրացուցակով մասնակցել ընտրություններին, Խաչիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե առաջարկի լինի, կքննարկենք, առայժմ նման հարց չկա օրակարգում»:



























