Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններում հազիվ թե ձայների 25%-ից ավելին հավաքի: Լրագրողներին այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, հայտնել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ըստ Հայրիկյանի` ինքը հազիվ թե կարողանա հավաքել ձայների 20 տոկոսը, նույնիսկ այն դեպքում, եթե ընտրություններին իր կուսակցությունն այլ քաղաքական ուժերի հետ միասին հանդես գա:

Տեր-Պետրոսյանի գլխավոր խոցելի կողմերից մեկը, Հայրիկյանի կարծիքով, այն է, որ նա առ այսօր ժողովրդից ներողություն չի խնդրել անցած տարիների համար: «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությունը խանգարում է ՀԱԿ-ի առաջընթացին», – ասել է Պ. Հայրիկյանը:

Ընդ որում, հավելել է նա, նույնիսկ եթե ենթադրենք, որ Հայաստանում արդար ընտրություններր կանցկացվեն, դա դժվար թե ինչ-որ բան փոխի` առանց հասարակության մեջ արժեքային համակարգի փոփոխության:

«Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ էր, երբ խոսում էր այդ մասին: Բայց որպեսզի ինչ-որ բան փոխի, նա պետք է ստանա խորհրդարանական տեղերի մեծամասնությունը, ինչը քիչ հավանական է», – հավելել է քաղաքական գործիչը:

Ըստ նրա` ներկա պայմաններում ընդդիմությունը չի կարող միայնակ իրական ուժ դառնալ եւ պետք է միավորվի, ինչը նախկինի պես տեղի չի ունենում: