Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը օգոստոսի 15-ին խիստ անհանգստություն է հայտնել Ադրբեջանում վեց իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման և հալածանքների առնչությամբ:

«Վերջին ամիսներին ես ականատես եղա Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ ձերբակալությունների և քրեական գործերի անհանգստացնող ալիքին: Ես կառավարության առաջ այս մտահոգիչ միտումի մաս կազմող նման երկու դեպք եմ բարձրացրել։

Հակակոռուպցիոն հետաքննությունները, ընտրությունների անկախ մոնիտորինգը և մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը բոլորն էլ իրավապաշտպան գործունեություն են: Նման աշխատանքի և խոսքի ազատության իրացման համար հետապնդումը մարդու իրավունքների միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է»,- ասել է Լոուլորը:

Հատուկ զեկուցողը անհանգստություն է հայտնել Abzas Media գրասենյակից և ձերբակալված լրագրողների և իրավապաշտպանների տներից էլեկտրոնային սարքերի և փաստաթղթերի առգրավման առնչությամբ, ինչը կարող է վտանգի ենթարկել հակակոռուպցիոն հետաքննության նրանց աղբյուրները:

Իշխանությունները սահմանափակել են ձերբակալվածների շփումը փաստաբանների և, որոշ դեպքերում, անգամ նրանց ընտանիքների հետ: Ձերբակալված ակտիվիստների հարազատների բանկային հաշիվները սառեցվել են։

«Ադրբեջանի բոլոր իրավապաշտպանները և լրագրողները պետք է կարողանան աշխատել ազատ և ապահով միջավայրում՝ առանց ահաբեկման կամ հալածանքների», - նշել է նա: