Տաքսիներում հաշվիչներ տեղադրելու մասին չեն խոսում, թե որտեղից է գոյանում ուղևորափոխադրման գումարը, սակայն խոսում են այդ գումարը հարկելու մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը՝ խոսելով այն մասին, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։
«Տաքսիները պետք է լիցենզիա ունենան, ապա նոր խոսք գնա ՀԴՄ կտրոն տրամադրելու մասին։ Չի կարելի առանց հարսնացու գտնելու հարսանիք կազմակերպել։ Սա ոչ թե օրենսդրական նախագիծ է, այլ մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ շեղելու միջոց։ Այս նախագծով կա՛մ ուշադրություն են շեղում մի գյուղ, մի ճանապարհ հանձնելու, կամ էլ ուզում են այնպես անել, որ վերջին մի քանի մարդիկ, որոնք չեն ուզել մտնել «Յանդեքս»–ի դրոշակի տակ, մտնեն կամ ընդհանրապես հրաժարվեն տաքսի վարելուց»,–ասաց նա։
Վահագն Սահակյանի խոսքով, 2012 թվականին ՀՀ–ն օրենք է ընդունել, որի համաձայն կենսկան նշանակության ոլորտներում, որտեղ կա չափման մեծություն, պետք է առկա լինի չափման միջոց։ «Տաքսիում այդ միջոցը հաշվիչն է, որը չափելու է ժամանակն ու կիլոմետրը, ոչ թե հեռախոսը, պլանշետը, պայմանավորված գինը։ Եթե իրենք մտածում էին տաքսի ծառայությունների ոլորտը վերահսկելու մասին, դեռ 2018-2019 թվականներին նամակով դիմեցի իրենց, ասացի, որ չափման միջոցներ ենք արտադրում, տաքսու հաշվիչներ, որոնք հնարավորություն ունեն նաև տվյալների փոխանցում անել հարկային տեսչություն։ Այդ համակարգը նույնիսկ որպես նվեր չընդունեց կառավարությունը»,–պարզաբանեց Վահագն Սահակյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե տեղյակ են արդյո՞ք տաքսու վարորդներն այդ կարգավորումների մասին, Վահագն Սահակյանն ասաց.
«Տաքսու վարորդները չեն էլ հավատում, որ օրենք է լինելու, կարգ ու կանոն է լինելու, որովհետև նման բազմաթիվ օրենքներ են ընդունվել ու մոռացվել։ Ասացին տաքսիների լիցենզավորումը պարտադիր է, 80 տոկոսը լիցենզիա ստացավ, հետո ասացին՝ հանում ենք դեղին համարներն ու տարիքային շեմը։ Օրինապաշտները տուժեցին ուղղակի։ Հետո «Յանդեքս»–ը բերեցին ու 1100 տաքսի ծառայություն փակվեց, որից 850–ը հստակ լիցենզա ուներ»։





























