Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Բելգիայի նախարարները երեքշաբթի հրապարակայնորեն քննադատել են Հունգարիային՝ հարցեր բարձրացնելով՝ արդյոք վարչապետ Վիկտոր Օրբանի կաբինետը հարգո՞ւմ է Եվրամիության արժեքներն ու չափանիշները, գրում է Associated Press-ը։
Հուլիսին Հունգարիան նախագահում էր 27 երկրների դաշինքում: Օրբանն անմիջապես անսպասելի ուղևորություն կատարեց Մոսկվա՝ հանդիպելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ զայրացնելով ԵՄ իր գործընկերներից մի քանիսին, ովքեր պնդում էին, թե Հունգարիայի առաջնորդը չի ներկայացնում իրենց շահերը:
«Ես միաժամանակ կհարցնեմ գործընկերոջս (Եվրոպայի հարցերով նախարար Յանոշ Բոկին), չլինի՞ վաղը ծրագրում է Մոսկվա մեկնել, քանի որ հունգարացի քաղաքական գործիչների շրջանում դա կարծես թե սովորություն է դարձել», - Բուդապեշտում անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավյե Բետելը:
Բացի Ռուսաստանի հետ իր կապերից, Օրբանի կառավարությունը ԵՄ գործընկերներին նյարդայնացրել է ներգաղթյալների և միասեռականների իրավունքների նկատմամբ թշնամանքը խրախուսելով, ինչպես նաև պետական լրատվամիջոցները վերահսկելով:
ԵՄ-ի միլիոնավոր եվրոյի միջոցները նույնպես սառեցվել են Հունգարիայի դեմոկրատական հետընթացին առնչվող մտահոգությունների պատճառով: Բետելը, նրա բելգիացի գործընկեր Հաջա Լահբիբը և Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարար Ջենիֆեր Քերոլ ՄըքՆիլը հայտնել են, որ իրենք համատեղ հանդիպումներ են ունեցել հունգարական լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ երեքշաբթի Յանոշ Բոկի նախագահությամբ հանդիպմանը:
Լահբիբն ասել է, որ ցանկանում է հասկացնել, որ «Հունգարիայի նախագահությունը պետք է հավակնոտ լինի, և որ պետք է միավորվի և կամուրջներ գցի Եվրամիության անդամ 27 երկրների միջև»:
Նա Բուդապեշտին կոչ է արել վերացնել Ուկրաինային զենք մատակարարելու ԵՄ ֆինանսավորման նկատմամբ վետոն։
Նախարարներն իրենց հայտարարություններն արել են ուղիղ հունգարական հեռուստատեսության տեսախցիկի առջև՝ առանց լրագրողների հուշման։ Դա Հունգարիայի համար անսովոր և անհարմար հրապարակային ցույց էր, հաշվի առնելով, որ ԵՄ անդամ երկրները հազվադեպ են միմյանց հրապարակայնորեն քննադատում, ընդգծում է Associated Press գործակալությունը։





























