Իրանի հասցեին Կիեւ զենք մատակարարող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի կողմից հնչող մեղադրանքները Ուկրաինայում հակամարտությանը երկրի ներգրավվածության մասին կեղծավորություն են։ Այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Այդ հանդիպման ընթացքում (օգոստոսի 30-ին ՄԱԿ ԱԽ նիստը Կիեւ սպառազինությունների արեւմտյան մատակարարման մասին- ծան.՝ ՏԱՍՍ-ի) Միացյալ Նահանգների, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները կրկին համակարգված ջանքեր են գործադրել, որպեսզի մեղադրանքներ ներկայացնեն իմ երկրին՝ կապված Ուկրաինայում շարունակվող հակամարտության հետ։ Դա միաժամանակ հեգնանք է եւ կեղծավորություն, որ այդ երեք երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտությունում եւ զգալի ավանդ են ներդնում դրանում ժամանակակից զենքի մատակարարումներով, համարձակ նման մեղադրանքներ են ներկայացնում Իրանին»,- գրել է նա համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի նամակում։ Իրավանիի խոսքով՝ այս պնդումները Իրանը դիտարկում է միայն որպես անհեռատես քաղաքականություն՝ ուղղված նրանց շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը։

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները չեն կարող հերքել, որ հենց արեւմտյան զենքի մատակարարումն է, հատկապես Միացյալ Նահանգների կողմից, հանգեցրել հակամարտության երկարացմանն Ուկրաինայում եւ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելուն, նշել է Իրավանին։ «Ի հեճուկս Միացյալ Նահանգների ներկայացուցչի հայտարարության՝ հենց ԱՄՆ-ն է, ոչ թե Իրանը, ահաբեկչության գլխավոր կողմնակիցը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Իրանի մշտական ներկայացուցիչը։