Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը «պատերազմ է սկսել Ուկրաինայում և ցանկացած պահի կարող է դադարեցնել այն», հայտնում է Euronews-ը։
Հանդես գալով լրագրողների առաջ անմիջապես ինքնաթիռում, որով մեկնում էր Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների համար, Սթարմերն ասել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի։
«Ռուսաստանն է սկսել այս պատերազմը։ Ռուսաստանն ապօրինի ներխուժել է Ուկրաինա. Ռուսաստանը կարող է դադարեցնել դա հենց հիմա»,- ընդգծել է նա։
Ըստ նրա, իր երկիրը Ուկրաինային տրամադրել է «ռեսուրսներ», մասնավորապես՝ ռազմական պատրաստության առումով, և նշել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ խորհրդակցելու է Կիևին աջակցության «հետագա բնույթի» շուրջ։
Սթարմերն այս հայտարարությունն արել է մեկ օր անց այն բանից հետո, երբ The Guardian-ը հայտնեց, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան թույլ են տվել Ուկրաինային օգտագործել բրիտանական բաղադրիչներով հեռահար Storm Shadow հրթիռներ՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար:
Այս ֆոնին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ, հայտնում է РБК-ն։
Գերատեսչությունը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինությունն անվանել է ՌԴ-ում և ԱՊՀ-ում «քայքայիչ քաղաքականությունը» համակարգող հիմնական կառույց։ Գերատեսչության տվյալներով, Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է «ռազմավարական պարտություն հասցնել» Ռուսաստանին։





























