Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր` դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել «Հարավային Կովկասը 2008 թվականից հետո» խորագիրը կրող տարեգրքի շնորհանդեսը: NEWS.am-ին ՌԱՀՀԿ-ից հայտնեցին, որ ՌԱՀՀԿ հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Կենտրոնի փորձագիտական միտքը, ինչպես միշտ, վեր է հատվածական եւ կուսակցական շահերից: Նշենք, որ ժողովածուն բացվում է Մ.Սարգսյանի` ելակետային որոշ հիմնախնդիրներ շոշափող մուտքի խոսքով, ինչին հաջորդում է Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական գլոբալ վերափոխումների ու դրանց ազդեցության, ինչպես նաեւ այդ փոփոխությունների հայաստանյան համատեքստի վերլուծությանը նվիրված հոդվածների շարքը: Գիրքը տպագրության է պատրաստվել ՌԱՀՀԿ աշխատակիցների անմիջական ջանքերով:
Նշենք, որ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը:

























