Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում ու ըստ էության` պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում։
«Մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ։ Մենք ասում ենք` 29 743 քկմ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը` իրավունք, որ երաշխավորված է ՄԱԿ–ի կանոնադրությամբ։ Ընդ որում, ՄԱԿ–ի և այլ միջազգային փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն` ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,– հիշեցրեց ՀՀ վարչապետը։
Անդրադառանալով հարցին` ինչպես է նա պատկերացնում ՀՀ անվտանգային միջավայրը կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, Փաշինյանը պատասխանեց, որ առաջին հերթին՝ մեր միջավայրում ագրեսիվ մտադրությունների նվազեցման հետ։
Նա ընդգծեց, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են և այստեղ երկարաժամկետ հատվածում հակամարտության որևէ պոտենցիալ չկա։





























