Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման Շուրայի խորհուրդը (գլխավոր ղեկավար մարմին) ընտրել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղար՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինին, տեղեկացրել են El Balad-ը, Al Arabiya-ն եւ Al Hadath-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Սաֆի ադ-Դինը զբաղեցրել է գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Նա նախկին ղեկավար Հասան Նասրալայի, որը զոհվել է իսրայելական ավիահարվածից, զարմիկն է եւ իրանական «Քուդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի, որը զոհվել է  ամերիկյան ավիահարվածից, փեսան։

Al Ghad-ը նշել է, որ նախկին եւ նոր առաջնորդների նմանությունը ցնցող է. նրանք նման են կազմվածքով, արտաքինով եւ անգամ թեթեւակի շչախոսությամբ։

Սաֆի ադ-Դինը ծնվել է 1964թ. Դեյր-Քանուն-ան-Նահր քաղաքում (Լիբանանի հարավ)։ Նասրալայի հետ միասին սովորել է Նաջաֆում եւ Քումում։ 1982-ին դարձել է «Հեզբոլլահի» համահիմնադիրը, իսկ 1994-ին՝ գործադիր կոմիտեի ղեկավարը՝ փոխարինելով Նասրալային, որն այդ ժամանակ գլխավորում էր ամբողջ խմբավորումը։ Տեղեկություններ են հայտնվել, գրել է Al Ghad-ը, որ վերջինն իր զոհվելու դեպքում խորհուրդ է տվել ընտրել զարմիկին դեռեւս 2008թ.։

Al Arabiya-ն գրել է, որ Սաֆի ադ-Դինը երեք տասնամյակ զբաղվել է խմբավորման գաղտնի գործերով՝ Նասրալային թողնելով ընդհանուր ռազմավարության մշակումը։ Ինչպես նշել է BBC Arabic-ը, նա իրականացրել է «Հեզբոլլահի» քաղաքական, սոցիալական, մշակութային եւ կրթական գործունեության հսկողությունը։ 2017թ. մայիսին ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան Սաֆի ադ-Դինին մտցրել են ահաբեկիչների ցուցակում։

Չնայած իր ոչ հրապարակային կարգավիճակին՝ Նասրալայի սահմանափակ հրապարակայնության պատճառով՝ կապված անվտանգության պահանջների հետ, Սաֆի ադ-Դինն ավելի հաճախ էր հայտնվում հանրությանը։

Նասրալան զոհվել է սեպտեմբերի 28-ին Բեյրութի ստորգետնյա շտաբին Ւսրայելի հասցրած ավիահարվածից։ Շարժման ղեկավարությունը հավաստիացրել է, որ «կշարունակի ջիհադը թշնամուն հանդիման՝ ի աջակցություն Գազայի եւ Պաղեստինի», ինչպես նաեւ Լիբանանի։