Թուրք գործարարները ենթադրում են, որ ապագայում երկրում կարող են ավելի քիչ լինել «ամեն ինչ ներառված է» (All-inclusive) համակարգով աշխատող հյուրանոցները։ Դրա մասին Türkiye պարբերականին հայտնել է Անկարայի երիտասարդ ձեռներեցների ասոցիացիայի անդամներից մեկը՝ Մուստաֆա Քորքութաթան։
Նրա կարծիքով՝ համապարփակ համակարգը վերածվել է «սպառողական ահաբեկչության»։ «Ամեն տարի մսխվում է 50 միլիարդ թուրքական լիրա (մոտ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար): Զբոսաշրջիկների տեղավորման օբյեկտների թիվը, որոնք օգտագործում են «ամեն ինչ ներառված է» համակարգը, արդյունքում կրճատվելու է», - ասում է Քորքութաթան: Նա նշում է, որ այդ համակարգը հանգեցնում է շատ մեծ ծավալների ապրանքների փչացման, որոնք չեն կարող ամբողջությամբ վաճառվել հյուրանոցներում։ Յուրաքանչյուր ափսեից միջինը 200-400 գրամ մթերք է թափվում։
Գործարարը համարում է, որ ապագայում հյուրանոցները կփորձեն անցնել հանգստացողներին սնունդ տրամադրելու նոր սխեմայի։ Այդ առումով հյուրանոցներն ու ռեստորանները կարող են, նրա կարծիքով, համագործակցության նոր սխեմա կառուցել։
«Երեկոյան զբոսաշրջիկներին կվերցնեն հյուրանոցից, շրջելով քաղաքի կենտրոններով, այնուհետև կտեղափոխեն ընթրիքի ռեստորաններ, որոնց հետ պայմանավորվածություններ կան: Այս եղանակի շնորհիվ բիզնեսները կկարողանան ավելի լավ գումար վաստակել, ինչպես գների առումով նաև ավելի արդյունավետ մրցակցել, օրինակ, հարևան Հունաստանի հետ»,-շեշտել է նա։
Թուրքիայում համընդհանուր համակարգի վերացման կամ վերանայման մասին քննարկումներն ակտիվանում են ամեն տարի՝ լողի սեզոնի ավարտին և զբոսաշրջիկների հոսքի նվազումից հետո։ Մինչդեռ նման համակարգով հյուրանոցները դեռևս չափազանց տարածված են և շատ են, թեև երկրի տնտեսական ծանր վիճակի պատճառով որոշ հյուրանոցներ պահպանելով հանդերձ համակարգը՝ միաժամանակ կրճատել են «ամեն ինչ ներառված է» ճաշատեսակների տեսականին։




























