Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն մեկնաբանել է կառավարամետ POSTV հեռուստաընկերության կողմից իր դեմ սկսված հայատյաց արշավը, գրում է «Эхо Кавказа»-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ նա հայտարարել է, որ «Իվանիշվիլիի և նրա կամակատարների ռուսական և ՊԱԿ-ի քարոզչությունը հատել է բոլոր սահմանները» և նրա դեմ դա շարունակվում է արդեն մի քանի տարի։
«Վերջին զրպարտչական արշավն անդրադարձել է ոչ միայն ինձ, այլև մեր եղբայր ժողովրդին՝ հայերին։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Երազի» բարոյազուրկ և անբարոյական սևեռուն հարձակումների համար։ Եթե նախնիներիցս որևէ մեկը հայ լիներ կամ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես բացահայտ և համարձակ կհայտարարեի դրա մասին։ Նրանք, ովքեր անհանգստանում կամ ամաչում են իրենց ծագումից, այլատյացներ են:
Կեցցե վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և եղբայրական և հարակից այլ ժողովուրդների ընդհանուր կյանքը հզոր Վրաստանում: Կեցցե հզոր Վրաստանն իր բազմազանությամբ, գեղեցկությամբ և անկեղծ հարաբերություններով: Բիձինան ու ԿԳԲ-ն պետք է հոկտեմբերի 26-ին վերջանան»,– գրել է Խազարաձեն սոցցանցի իր միկրոբլոգում։
Նա միաժամանակ թվարկել իր նախնիների ազգանունները՝ Խունդաձե, Խազարաձե, Բաշալեիշվիլի և Ադեիշվիլի։
Ավելի վաղ POSTV-ի լրագրողը Խազարաձեին հարցրել էր, թե «ինչու է նա թաքցնում իր հայկական ծագումը»։ Լրատվամիջոցները հրապարակել են նաև «Խազարաձեի հայկական խրճիթ» տեսահոլովակը և հարցազրույց Երևանի մի բնակչի հետ, որը ներկայացվել էր իբրև քաղաքական գործչի ազգական։
Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին հոկտեմբերի 11-ին Facebook-ում գրել է. «Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, դրանք չպետք է խտրական լինեն»:




























