ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է և՛ Իսրայելի, և՛ Պաղեստինի հետ, հայտնել է ТАСС-ը։

Ըստ նրա՝ կարգավորման հիմնական ճանապարհը պաղեստինյան պետության ստեղծումն է։ Պուտինի համոզմամբ՝ Իսրայելը պաղեստինյան խնդիրը միայն պաղեստինցիների համար նյութական խթաններով չի ​​կարող լուծել, նշելով որ կարևոր են նաև հոգևոր խնդիրները։

«Պաղեստինցիները չեն լքի իրենց հողը»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախագահը։ Պուտինն առաջարկել է վերադառնալ Մերձավոր Արևելքի հարցով  «քառյակի» ձևաչափին կամ նույնիսկ ընդլայնել այն։

Նրա գնահատմամբ՝ Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։

«Եթե բանը հասնի դրան, երկու երկրների զինվորներն էլ այնտեղ ուղղակիորեն կկռվեն։ Մենք կապի մեջ ենք Իսրայելի և Իրանի հետ, ունենք բավականին վստահելի հարաբերություններ, և մենք իսկապես կցանկանայինք, որ այս անվերջանալի հարվածների փոխանակումը դադարեցվի։ Եվ անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն»,- ընդգծել է Պուտինը։

Նա շեշտել է, որ այս հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի։