«Այսօր ինձ ուղարկում են կախաղան»,- այսպիսի բառերով Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը դեկտեմբերի 7-ին ուղեւորվել է Ռամլեի «Մաասիյագու» բանտ, որտեղ նա պետք է ազատազրկում կրի:

Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, նա մի քանի անգամ ընդգծել է իր անմեղությունը, մեղադրել դատական համակարգին եւ մամուլին եւ հույս հայտնել, որ իրեն կհաջողվի վերականգնել իր բարի անունը: Նախկին նախագահի տան մոտ հավաքվել են նրա կողմնակիցները, որոնք վանկարկել են «Մոշե, մենք քեզ սիրում ենք»:

Մոշե Կացավը բանտ է ուղեւորվել ընտանիքի անդամների եւ բանտերի վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Բանտի շենքի մոտ գիշերը հերթապահել են իսրայելական եւ օտարերկրյա լրատվամիջոցների տասնյակ աշխատակիցները, բայց վարչությունը որոշել է խախտել կանոնադրությունը եւ Կացավի մասնավոր մեքենան ներս թողնել բանտի տարածք:

Նշենք, որ Մոշե Կացավը մեղավոր է ճանաչվել երկու բռնաբարությունների, սեռական ոտնձգությունների, անպարկեշտ պահվածքի եւ քննությունը խոչընդոտելու փորձի մեջ: Նա, սակայն, հրաժարվում է ընդունել իր մեղքը: