Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլյա Նավալնայան, հայտնել է, որ կմասնակցի ՌԴ նախագահի ընտրություններին, երբ վերադառնա երկիր։
«Իմ նպատակը երկրում փոփոխությունները հնարավոր դարձնելն է։ Եթե ես վերադառնամ Ռուսաստան, կգնամ նախագահի թեկնածուի ընտրությունների»,- ասել է Նավալնայան BBC News-ի հարցազրույցում։ Նա նշել է, որ Ռուսաստան վերադառնալու հնարավորություն չունի, քանի դեռ Վլադիմիր Պուտինն իշխանությունում է։ Նավալնայան հիշեցրել է, որ չի կարողացել գալ հայրենի քաղաք անգամ ամուսնու հուղարկավորության ժամանակ, քանի որ վախենում էր ձերբակալվելուց։
Հուլիսին Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա ձերբակալել է Նավալնայային ծայրահեղական կազմակերպությանը մասնակցության գործով։ Նրա համար խափանման միջոց է ընտրվել երկու ամիս բանտարկությունը։ Այդ ժամկետը հաշվվելու է Ռուսաստանի տարածք նրա արտահանձնման կամ երկրում նրա ձերբակալման պահից։
Հարցազրույցում Նավալնայան նաեւ խոստովանել է, որ «հրաշագործ չէ եւ չգիտի գաղտնիքը», թե ինչպես անհապաղ փոփոխությունների հասնել Ռուսաստանում։ «Եթե դու չես կարող մի ինչ-որ մեծ բան անել անմիջապես, մի ինչ-որ փոքր բան արա ամեն օր, եւ որքան ավելի շատ մարդիկ այդպես վարվեն, այնքան ավելի շուտ կգա փոփոխությունների ժամանակը»,- ասսել է նա։
Նրա խոսքով՝ ռուսական ընդդիմությունը դժվար վիճակում է. շատերն արտաքսման եւ դեպրեսիայի մեջ են։ «Ես՝ ոչ։ Չնայած բոլոր ահավոր իրադարձություններին, որոնք տեղի ունեցան իմ կյանքում, ես հավատում եմ, որ երբեւէ ամեն բան կփոխվի, վաղ թե ուշ»,- նշել է Նավալնայան։
Նա չի համաձայնել, որ ընդդիմությունը վտարանդիության մեջ զբաղված է միայն միմյանց, այլ ոչ թե Պուտինի դեմ պայքարելով։ «Դուք ապրում եք դեմոկրատական երկրում, տարբեր քաղաքական կուսակցություններ ունեք, նրանք պայքարում են միմյանց հետ իշխանության համար։ Մեզ մոտ նույն իրավիճակն է։ Անգամ Վլադիմիր Պուտինի հակառակորդները կարող են տարբեր մոտեցումներ եւ նպատակներ ունենալ։ Բնական է, որ քաղաքական գործիչները մրցակցում են միմյանց հետ»,- ասել է Նավալնայան։



























