Հոկտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են սպիրտի երեք գործարան ՌԴ երկու մարզերում։ Դրոնների գրոհի մասին առաջինը տեղեկացրել է Տուլայի նահանգապետ Դմիտրի Միլյաեւը։

«Տուժել են Եֆրեմովի սպիրտի գործարանի եւ Սուվորովի շրջանի Լուժկովո գյուղի սպիրտի գործարանի շենքերը։ Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան։ Մասնագետներն աշխատում են պատահարի վայրերում»,- գրել է Միլյաեւը թելեգրամ-ալիքում։

«Զերնոպրոդուկտ» գործարանը Եֆրեմով քաղաքում պատկանում է «Ռոսսպիրտպրոմին» եւ էթիլային սպիրտի արտադրման առաջատար ձեռնարկություններից է Ռուսաստանում։ Մեկ օրում այն արտադրում է 10 հազար դալ։ Լուժկովո գյուղում է գտնվում «Աբսոլյուտ» գործարանը, որը նույնպես պատկանում է «Ռոսսպիրտպրոմին»։ Դրա հզորությունը կազմում է օրական 6 200 դալ։ Արտադրությունները գտնվում են միմյանցից մոտ 155 կիլոմետր հեռու։

Եվս մեկ գործարան, որն զբաղվում է սպիրտի տարբեր տեսակներում շաքար պարունակող հումքի վերամշակմամբ, ուկրաինական դրոնը գրոհել է Տամբովի մարզի Ռասկազովո քաղաքում։ «Դրոնի գրոհի հետեւանքով «Բիոխիմ» ԲԸ ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել հետագա հրկիզմամբ։ Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան։ Ժամը 6.42-ին հրդեհը մարված էր»,- թելեգրամ-ալիքում գրել է նահանգապետ Մաքսիմ Եգորովը։

Այս գիշեր արդյունաբերական ձեռնարկության դեմ անօդաչուի գրոհի մասին տեղեկացրել է նաեւ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։ Նա չի նշել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը, բայց նշել է, որ դրոնը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով խփվելուց հետո ընկել է արտադրամասերից մեկի շենքի վրա։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»։ Փոքր հրդեհ է բռնկվել շենքի հարկերից մեկում։ Հրշեջ հաշվարկներն աշխատում են տեղում»,- նշել է Գուսեւը։

ՌԴ ՊՆ-ն առավոտյան ամփոփագրում նշել է մեկ գիշերվա ընթացքում 18 ուկրաինական դրոններ խփելու մասին։ Դրանցից 11-ը խփվել է Բրյանսկի մարզում, երեքը՝ Բելգորոդում, երկուսը՝ Կուրսկում, մեկական՝ Տուլայում եւ Օրյոլում։