Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, քննարկելով «չայլդֆրի քարոզչության» արգելքի մասին օրինագիծը,  զուգահեռ է անցկացրել ԽՍՀՄ փլուզման եւ 1989թ. «Ինտերաղջիկը» ֆիլմի ցուցադրման միջեւ, որը պատմում է սեքս-աշխատակցուհու մասին, որը երազում է գնալ արտասահման, տեղեկացրել է The Moscow Times-ը։

«Իսկ դուք տեսեք, թե ինչից սկսվեց Խորհրդային Միության փլուզումը։ Դեռ ԽՄԿԿ Կենտկոմի ժամանակներում, 1989թ., թողարկվեց «Ինտերաղջիկը»։ Բոլորը ծափահարում էին։ Հերթեր կինոթատրոններում։ Կենտկոմի քարտուղարները գնում-դիտում էին։ Արդյունքը՝ երկիրը չկա»,- ասել է Վոլոդինը։

«Ավանդական ընտանեկան արժեքների» պաշտպանության «Իվան-չայ» հասարակական կենտրոնի ղեկավար Էլինա Ժգուտովան, իր հերթին, НТВ-ի եթերում կարծիք է հայտնել, որ ԽՍՀՄ փլուզումը սկսվել է պճնամոլների նորաձեւության տարածումից։ «Դա, կներեք, դեպի ԼԳԲՏ տանող ճանապարհ է։ Մեծ երկրի փլուզման սկիզբը տեղի ունեցավ պճնամոլների եւ այդ երեւույթների միջոցով։ Ինչո՞ւ պետք է տղան կիպ բաներ հագնի։ Կանանց համար նա ավելի գրավիչ չի դառնում»,- նշել է նա։

Ժգուտովան պաշտպանել է խորհրդային քարոզչության կարգախոսը՝ «Եթե ջազ ես պարում, ուրեմն վաղը Հայրենիքդ կծախես»։ «Ի դեպ, ինձ ընդհանրապես թվում է, որ այդ երաժշտությունը պարապ-սարապների համար է»,- ավելացրել է նա։