Եվրոպական միության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով և շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր 34 երիտասարդի՝ միասնական ջանքերով մշակելու թվային լուծումների գաղափարներ, ուղղված ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանն ընդգծեց երիտասարդներին ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում ակտիվորեն ներգրավելու և ոլորտը երիտասարդ փորձագետների համար առավել գրավիչ դարձնելու առումով նախաձեռնության կարևորությունը․
«Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ և շատ բազմաբովանդակ գաղափարներ են ներկայացրել երիտասարդները։ Դրանք հետագայում կքննարկվեն, կուսումնասիրվեն և անպայման կկիրառվեն մեր կողմից, առավելագույնս լավագույն կերպով ջրային ռեսուրսները կառավարելու համար։ Հույս ունեմ, որ այս երկու օրվա ընթացքում ստացված փորձն ու գիտելիքները երիտասարդների մեջ կառաջացնեն հետաքրքրություն, և նրանք հետագայում արդեն որպես մասնագետներ կներգրավվեն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում»։
Երկու օրվա ընթացքում երիտասարդները հնարավորություն ստացան աշխատել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի փորձագետների և շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ՝ խորացնելով ոլորտի վերաբերյալ գիտելիքները և ձեռք բերելով տվյալների վերլուծության, մշակման և կիրառման հմտություններ։
Լավագույն երեք թիմերը ստացան ֆինանսական աջակցություն իրենց գաղափարները վերջնականացնելու և իրական թվային լուծումների վերածելու համար։





























