Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ֆրանսիացի հնագետների խումբը Սաուդյան Արաբիայի արևմտյան Խայբար օազիսում հայտնաբերել է 4400 տարվա վաղեմության փոքրիկ քաղաք, որը կոչվում է ալ-Նատահ: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։
Գիտնականները պեղել են պաշտպանիչ պարիսպներով շրջապատված կենտրոնական շրջանը և բնակելի թաղամասը։ Բնակելի գոտում մեծ քանակությամբ խեցեղեն և հղկված քարեր են հայտնաբերվել, ինչպես նաև առնվազն 50 կացարանների բեկորներ, որոնք կարող էին կավից պատրաստված լինել։
Ալ-Նատահի կենտրոնում երկու շենք է եղել, որոնք կարող էին օգտագործվել որպես վարչական գրասենյակներ։ Այս վայրից արևմուտք նեկրոպոլիս է հայտնաբերվել։ Պահպանվել են աստիճանավոր աշտարակներ հիշեցնող բարձրադիր կլոր դամբարաններ։
Խայբար օազիսում գտնվող քաղաքը մ.թ.ա. 1500-1300 թվականներին լքվել է անհայտ պատճառով:
Գիտնականների կարծիքով՝ գտածոն հուշում է, որ Արաբական թերակղզում ուրբանիզացիան ավելի դանդաղ էր ընթանում: Այդ դարաշրջանում ավելի մեծ քաղաքներն արդեն բարգավաճում էին Միջագետքում, Եգիպտոսում և Արևելյան Միջերկրական ծովում, մինչդեռ ալ-Նատահի բնակչությունը մոտ 500 մարդ է եղել:





























