Շվեդիայի ազգային հնագիտական թանգարանի հնագետների խումբը հայտնաբերել է վիկինգների դարաշրջանի հսկայական գերեզմանոց՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տվոոկեր գյուղի մոտ: Բացահայտման մասին հաղորդվել է շվեդական Arkeologerna հնագիտական ընկերության պորտալում:
Պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են 139 հուղարկավորումներ, այդ թվում՝ նավերի տեսքով մի քանի դամբանաթմբեր։ Փորձագետներն ընդգծել են, որ մինչ օրս իրենց հաջողվել է ուսումնասիրել գերեզմանային համալիրի միայն 6%-ը։
Թիմի հնագիտական գտածոների թվում են եղել մարդկանց և կենդանիների ոսկորներ, մետաղական աքսեսուարներ և կերամիկական անոթներ, նետերի ծայրակալներ և մեծ քարեր, որոնք առանձին դամբանաթմբերի շուրջ նավաձև կառուցվածքներ էին կազմում:
Ըստ գիտնականների, թաղման վայրերից մեկը հատկապես լավ է պահպանվել։ Այնտեղ պահպանվել են թաղման խարույկի հետքեր և զոհաբերված կենդանիների ոսկորներ։ Միևնույն ժամանակ դիակիզման ժամանակ շատ արտեֆակտներ լրջորեն վնասվել են:
Վիկինգների թաղման վայրի ճշգրիտ տարիքը դեռ չի որոշվել, սակայն թիմը ենթադրում է, որ այն թվագրվում է մ.թ. 8-9-րդ դարերի սկզբով: Այս ժամանակն է մատնանշում պեղումների ժամանակ հայտնաբերված արծաթե մետաղադրամի մի հատվածը։





























