Աշխարհի բնապահպաններին մտահոգում է անհետացման եզրին գտնվող տեսակների պահպանման խնդիրը, հայտնում է snexplores.org-ը։ Դրանք բույսեր, կենդանիներ և այլ օրգանիզմներ են: Նրանց նմուշները հավաքվում են անվտանգ պահեստարաններում:

Որոշ հետազոտողներ առաջարկում են Լուսնի վրա յուրատեսակ Նոյան տապան կառուցել՝ Նորվեգիայի Շպիցբերգենում ներկայում գոյություն ունեցող Համաշխարհային պահեստի այլընտրանք կամ անալոգ, գրում է Planet Today-ը: Այն գործում է 2008 թվականից և պատկերավոր կերպով կոչվում է «Դատաստանի օրվա պահեստարան»։ Օբյեկտը տեղակայված է 120 մ խորության ժայռում, այն բունկեր է՝ գյուղատնտեսական մշակաբույսերի՝ 4,5 միլիոն տեսակի տարողությամբ։

2017 թվականին՝ հավերժական սառույցը հալվելիս պահեստարանում փոքրիկ ջրհեղեղ եղավ, բարեբախտաբար, սերմերը չվնասվեցին: Նշանակում է՝ պահեստային տարածք է պահանջվում, որոշում են գիտնականները։ Քանի որ մեր մոլորակի վրա նման «կասկածելի» տարածքները ավելի ու ավելի շատ են հանդիպում, առաջարկվում է յուրացնել Լուսինը։

Լուսնի հարավային բևեռի ստվերային կետը իդեալական լոկացիա կլինի: Այստեղ մակերևույթի ջերմաստիճանը հասնում է –196 °C-ի։ Դա ընդամենը նվազագույնն է, որն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների բջիջների, սերմերի և ԴՆԹ-ի անվտանգ, երկարաժամկետ պահպանման համար, ասում է Վաշինգտոնի բնապահպանման կենսաբանության ինստիտուտի և Արիզոնայի համալսարանի փորձագետների թիմը, որոնք աշխատում են առաջարկի վրա:

Այնտեղ էներգիա կամ կանոնավոր մարդկային ներկայություն չի պահանջվի: Օբյեկտում նույնիսկ հնարավոր կլինի պահել ֆիբրոբլաստներ՝ բուժման գործընթացում և օրգանների կառուցվածքի պահպանման գործում առանցքային դեր խաղացող շարակցական հյուսվածքի բջիջներ: Դրանք օգտակար կլինեն արդեն կորած կամ անհետացման եզրին գտնվող տեսակների պոպուլյացիաների վերականգնման համար: Դա հնարավոր կդարձնի Լուսնի կամ նույնիսկ Մարսի ապագա մարդկային գաղութներում էկոհամակարգերի վերստեղծումը:

Ի՞նչ է պահանջվում: Լուծել նմուշների վրա ճառագայթման և տիեզերական միկրոձգողականության ազդեցության խնդիրը: Այդ նպատակով ճառագայթակայուն բեռնարկղեր են մշակվում։ Միաժամանակ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների վտանգ կա։ Դեռ պարզ չէ՝ ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։ Ի վերջո, նախագիծը պահանջում է ամբողջ համաշխարհային հանրության համաձայնությունն ու համագործակցությունը։ Մի բան, որ դեռևս հարցականի տակ է...