Բելգիայի նոր վարչապետ Էլիո դի Ռուպոն  ոչ միայն երկրի կառավարության առաջին ֆրանսախոս ղեկավարն է, այլ եվրոպական կառավարությունների այն քիչ պաշտոնյաներից, ովքեր չեն թաքցնում իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշումը:

Մշտական թիթեռնիկ-փողկապն ընդգծում է նրա կոլորիտը: Սակայն նրան առանձնահատուկ է դարձնում ոչ միայն ոճը: Դի Ռուպոն առանձնանում է նաեւ կյանքի անցած ճանապարհով, գրում է «Le Figaro»-ն:

Ծանր մանկություն, փայլուն կրթություն, 17 տարեկանից քաղաքական գործունեություն, իսկ  1999թ-ից` Սոցիալիստական կուսակցության ղեկավար,  գրում է  պարբերականը: 1996թ-ին ծագած սկանդալը, սակայն, լուրջ սպառնալիք կարող էր լինել նրա կարիերայի համար. ոմն երիտասարդ Ռուպոյին մեղադրել էր իր հետ սեռական կապի մեջ լինելու համար, երբ ինքն անչափահաս է եղել: Դատարանն  ապացուցել էր, որ Ռուպոն ինտրիգի զոհ է դարձել: Այդուհանդերձ, դա պատճառ դարձավ մամուլում նրա սեռական կողմնորոշման մասին քննարկումների համար:

Սակայն բելգիական մամուլն առանձնապես մեծ նշանակություն չի տալիս այդ հանգամանքին: Գլխավորն, ըստ մամուլի, այն է, որ  վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնում է ֆրանսախոս անձը` հաշվի առնելով, որ բնակչության  60% -ը հոլանդերեն է խոսում: