ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Թալսի Գաբարդին նշանակել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Այս մասին նշվել է Թրամփի իշխանության հանձնման թիմի հաղորդագրությունում։

Հայտարարությունում ասված է, որ նախկին կոնգրեսական, փոխգնդապետ Թալսի Գաբարդը վայելում է թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների լայն աջակցությունը։

«Ես գիտեմ, որ Թալսին կբերի անվախ ոգի, որը որոշել է նրա փայլուն կարիերան, մեր հետախուզական հանրույթ՝ պաշտպանելով մեր սահմանադրական իրավունքները եւ ապահովելով խաղաղությունն ուժի միջոցով։ Թալսին կստիպի մեզ բոլորիս հպարտանալ իրենով»,- ասել է Թրամփը։

Նշենք, որ Գաբարդը բավական սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ հայկական կառույցների հետ։ 2017թ. նա այցելել է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած համաժողովի շրջանակում։