Գերմանիայի կառավարությունը կհրապարակի պաշտպանական արդյունաբերության իր նոր ռազմավարությունը, որի նպատակն է կրճատել բյուրոկրատիան և արագացնել զենքի արտադրությունը մինչև տարեվերջ՝ չնայած կոալիցիայի փլուզմանը, երկուշաբթի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, հայտնում է Reuters-ը։

Գերմանիան՝ Ուկրաինայի ամենամեծ աջակիցը Եվրոպայում, խոստացել է արդիականացնել իր թուլացած բանակը և ուժեղացնել պաշտպանությունը՝ որպես «Zeitenwende»-ի կամ «շրջադարձային կետի» մաս՝ քաղաքականության փոփոխություն, որը հայտարարվել է 2022 թվականին Ուկրաինայի պատերազմի սկսվելուց անմիջապես հետո:

«Շատ երկար ժամանակ պետությունն իրեն ավելի շատ ընկալում էր որպես կարգավորող, քան պաշտպանական արդյունաբերության գործընկեր», - ասել է Պիստորիուսը՝ Շրոբենհաուզենում MBDA հրթիռների նոր գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ:

«Մարտահրավերն այս ժամանակներում մեր երկրի պաշտպանական արդյունաբերական բազան էլ ավելի ամրապնդելն է։ Ոչ միայն այն պահպանելու, այլև ամրապնդելու համար»,- ասել է Պիստորիուսը:

«Ուստի մենք ցանկանում ենք հատկապես բարելավել շրջանակային պայմաններն արդյունավետ անվտանգության և պաշտպանական արդյունաբերության համար»:

Նախագծի համաձայն, որին ծանոթացել է Reuters-ը, նոր ռազմավարությունը կարող է կառավարությանը թույլ տալ ներգրավվել զենքի արտադրության և պաշտպանական նախագծերում «ռազմավարական դեպքերում» և պարունակում է առաջարկություններ, ներառյալ հիմնական տեխնոլոգիաների խթանումը և ոլորտի ֆինանսական բազայի բարելավումը:


Երկուշաբթի օրը Գերմանիայի Դոնաուորթ քաղաքի Airbus Helicopters գործարանում տեղի ունեցած առանձին միջոցառման ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարն ասաց, որ կառավարությունը դեռ ի վիճակի է քայլեր ձեռնարկել՝ չնայած Սոցիալ-դեմոկրատների (SPD), Կանաչների և Ազատ դեմոկրատների միջև կոալիցիայի փլուզմանը:

«Մենք՝ դաշնային կառավարությունը, իհարկե, կշարունակենք ինտենսիվ քննարկումներ ունենալ անվտանգության և պաշտպանական արդյունաբերության հետ», - հավելել է նա: