Երեւանի «Փյունիկ»-ի եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ակումբի ղեկավարության եւ մարզչական շտաբի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե կարող է միայն ողջունել ազգային հավաքականի ղեկին հայկական ծագումով ուրուգվայցի մասնագետ Սերխիո Մարգարյանի նշանակումը:

«Այսօր խոսակցություններ կան Սերխիո Մարգարյանին որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ հրավիրելու մասին: Որքան ես գիտեմ, նա բարձր կարգի մասնագետ է եւ տարբեր երկրներում նշանակալի հաջողությունների է հասել: Նրա գալուստն առաջին հերթին արդյունավետ եւ հետաքրքիր կլինի մեզ՝ մարզիչներիս համար, քանի որ հնարավոր կլինի շփվել ֆուտբոլային այլ փիլիսոփայության՝ լատինաամերիկյանի հետ: Դա այլ մոտեցում է խաղի նկատմամբ: Ցանկացած դեպքում նրա գալուստը կարելի է միայն ողջունել, եւ կարծում եմ, Մարգարյանը կարող է օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- ասել է Վարդան Մինասյանը:

Լուսանկարը armsport.am-ից։