Մոտ 10 օր առաջ հրապարակային կոչ ներկայացրեցինք մեր քաղաքացիներին, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ենթարկվել են քաղաքական հետապնդումների, մասնակցել այսօրվա մեր միջոցառմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Բռբնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ լրագրողների հե զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Դրանք կարող են լինել քաղբանտարկյալներ, քաղաքական պատճառներով աշխատանք կորցրածներ, օրինակ, Հովիկ Աղազարյանը կարող էր այստեղ լինել: Մենք անհատապես որևէ մեկին չենք հրավիրել, բայց մարդը կարող է գալ, որ քաղաքական պատճառներով իր անձնական, գաղտնիությամբ պաշտպանվող հեռահաղորդակցությունը հայտնվել է ինչ-որ մարդկանց սեղանին և դարձել է տասնյակ հարյուրավոր մարդկանց սեփականությունը: Շուտով նաև կարծում եմ կհրապարակեն: Այդ մարդն էլ կարող էր այստեղ լինել, մենք բոլորին ենք այստեղ սպասում:

Անահիտ Մանասյանին էլ ենք սպասում այստեղ, որը հույս է հայտնել, որ ինքն ու իր կառույցը լավագույնս աշխատում են աջակցել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով կազմակերպված միջոցառմանը ՄԻՊ-ի ներկա գտնվելուն, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, ապա ես չգիտեմ, նրա իրավունքները խախտվո՞ւմ են այս պահին, թե չեն խախտվում, չեմ կարող ասել, նրան հարկադրաբա՞ր են տարել մարդու իրավունք պաշտպան նշանակել, իր կամքո՞վ է գնացել, բայց նրա այստեղ լինելն այլ պատճառով էր կարևոր:

Երբ հարցնում եք այդ անձնավորությանը, ասում ենք տիկին մարդու իրավունքների պաշտպան, Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, նա ասում է ինձ հայտնի չէ նման դեպք, այստեղ են այդ մարդիկ, եկեք այդ տասնյակ մարդկանց հետ խոսեք, նրանցից շատերը քաղբանտարկյալ են եղել: Ջայլամային քաղաքականությանը կարելի է վերջ տալ, օրինակ, այստեղ տեսնում եմ Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին, տեսնում եմ Վազգեն Սաղաթելյանին, Վահագն Չախալյանին, այն մարդկանց, որոնց իրավապաշտպանները երկար ժամանակ է պնդում են, ասում են, որ այդ մարդիկ քաղաքական պատճառներով են ազատությունից զրկվել: Եկեք հարցրեք, թե ինչու են այդ մարդիկ  պնդում, որ քաղբանտարկյալ են։ Մենք հետաքրքիր բան էինք մտածել այսօրվա համար, որ տեղադրեինք տոնածառ, որտեղ այս մարդկանց պատմությունները ծրարներով տեղադրված կլինեն խաղալիքների փոխարեն»։