Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն հերքել է ռուսաստանյան life showbiz.ru կայքի տարածած տեղեկատվությունը, որտեղ նշվում է, որ Ազնավուրն ասել է, թե Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, որի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:

«Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է»,- «Արմենպրեսին» ասել է Ազնավուրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Life Showbiz-ին տված հարցազրույցում Շառլ Ազնավուրն ասել է. «Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»:

Նշենք, որ Շառլ Ազնավուրը Մոսկվայում է գտնվում իր միջազգային շրջագայության շրջանակներում: Դեկտեմբերի 12-ի երեկոյան կայացել է նրա համերգը Կրեմլում, իսկ համերգից անմիջապես հետո Ազնավուրը վերադարձել է Շվեյցարիա: