Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բացատրություն է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի ելույթի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացվում է կազմակերպությունից NEWS.am-ին ուղարկած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը մոռացված հակամարտություն է» կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել էր դեկտեմբերի 8-ին, Ֆրանսիայի Սենատի մասնաշենքերից մեկում`Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան եւ սենատոր Նատալի Գուլեի կողմից,   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն  (որին 2012թ. հունվարից կփախարինի Ժակ Ֆորը)  ասել է. «Իհարկե, ես հասկանում եմ Ադրբեջանի տառապանքները, այդ երկրի տարածքները գրավվել են: Ես` որպես ֆրանսիացի, լավ եմ հասկանում, թե ինչ ասել է օկուպացիա»:

«Այս հայտարարությունները ցույց են տալիս Ֆասիեի կողմնակալ դիրքորոշումը, չնայած Ղարաբաղի միջնորդի նրա դերին»,- նշվում է Հայ դատի  հայտարարության մեջ: Դա դատապարտելի հայտարարություն է, եւ բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ-ի վերջին 2 ամսվա գործողությունները հստակ բացատրությունների կարիք ունեն:

Միջազգային թատերաբեմում, կարծում է Հայ դատի ֆրանսիական բյուրոն, Ֆրանսիայի ԱԳՆ-ն մշտապես Թուրքիայի նկատմամբ չարդարացված բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի հարցում: Մյուս օրինակը Թուրքիայի դիմումն է Եվրոպային` սիրիական հարցի վերաբերյալ:

«Նշված պատճառներով  Հայ դատի ֆրանսիական բյուրոն դիմում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Ալեն Ժյուպեի հետ հանդիպում պահանջելով, որի ընթացքում կքննարկվեն Ֆրանսիայի հայ համայնքին անհանգստացնող եւ  վրդովեցնող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: