Մոլդովայի խորհրդարանը հաստատել է էներգետիկայի ոլորտում 60 օրով արտակարգ դրության ռեժիմը։ Արտակարգ դրությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 16-ից, հայտնում է NewsMaker-ը։

Արտակարգ դրության ռեժիմը պատգամավորներն ընդունել են դեկտեմբերի 12-ի նիստում։ Արտակարգ դրություն մտցնելուն կողմ է քվեարկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության 56 պատգամավոր։ Կոմունիստների և սոցիալիստների դաշինքի 17 պատգամավոր դեմ է քվեարկել, երկուսը ձեռնպահ են մնացել։  Էներգետիկայի ոլորտում  արտակարգ դրություն մտցնելու առաջարկով հանդես է եկել կառավարությունը։

Հիմնական պատճառը 2025 թվականից Մոլդովա ռուսաստանյան գազի մատակարարումների շարունակման հետ կապված անորոշությունն է։ 2022 թվականի վերջից «Գազպրոմը» Մոլդովա է մատակարարում 5,7 միլիոն խորանարդ մետր գազ։ Գազի ողջ ծավալն ուղարկվում է Մերձդնեստր, որտեղ այն օգտագործվում է կենցաղային կարիքների և Մոլդովայի պետական  էլեկտրակայանում էլեկտրաէներգիա արտադրելու համար, որը սպառվում է Դնեստրի երկու ափում։ Ոչ ոք չի վճարում մատակարարվող գազի համար։

2024 թվականի վերջին ավարտվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման համաձայնագիրը։ Կիևը բազմիցս հայտարարել է, որ չի երկարաձգելու տարանցման համաձայնագիրը։ Սանկտ Պետերբուրգում արդեն նախկին էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը բանակցություններ էր վարել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, սակայն կողմերը ոչ մի համաձայնության չեն եկել։ Ըստ Պարլիկովի, «Գազպրոմը» մատակարարման առաջարկը կապել է աջ ափի ունեցած գազի պարտքի հետ։ «Գազպրոմի» և Քիշնևի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են։ Մինչև 2026 թվականի հոկտեմբերը գործող պայմանագրի համաձայն, «Գազպրոմը» պետք է գազը հասցնի Մոլդովայի հետ սահմանին։ Այլընտրանքային ճանապարհը, որով Ռուսաստանը կարող է գազ մատակարարել Մոլդովա, անդրբալկանյան գազատարն է, որն անցնում է Թուրքիայի տարածքով։ Դեկտեմբերի 16-ը վերջին ժամկետն է, երբ «Գազպրոմը» կարող է անդրբալկանյան գազատարով Մոլդովայի համար հզորություններ ամրագրել։