«Հայփոստ» ՓԲԸ  Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետ Մ. Գեւորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել:

Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնում շարունակվում է Վանաձոր քաղաքի փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա  դեկտեմբերի 12-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետ Մ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը): Նա մեղադրվում է յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 մլն. դրամ հափշտակելու մեջ:

Նախաքննության ընթացքում Մ. Գեւորգյանը  ամբողջությամբ վերականգնել է «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառված գույքային վնասը:

Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ՔԳՎ Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը եւ Մ. Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Միաժամանակ դատարանը բավարարել է նաեւ Մ. Գեւորգյանի պաշտպանի` դատարան ներկայացրած միջնորդությունը, եւ կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով: