«Ժառանգությունը» պահանջում է քաղաքական գնահատական տալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստին:
«Ժառանգությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Դեկտեմբերի 12-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կին գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատել է, որ վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից:
Խաչատրյանի հանդեպ քրեական գործը, սակայն, կարճվել է՝ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: Այս համատեքստում տեղին է զուգադրել մեկ այլ գործ, երբ հարկերից խուսափելու պատճառաբանությամբ ձերբակալվեց եւ հնգօրյա կալանքի ենթարկվեց Արցախի անկախության նվիրյալ եւ հայ մշակույթի զարգացման ջատագով Նարեկ Հարթունյանը: Սա եւս մեկ անգամ ի ցույց է դնում ՀՀ իշխանությունների` ընտրովի արդարադատություն կիրառելու արատավոր գործելակերպը:
«Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի եւ տղամարդուն, առավելեւս` նրա զբաղեցրած պաշտոնական դիրքին անհարիր է համարում Սուրեն Խաչատրյանի արարքը եւ անկախ նրանից, որ քրեական գործը կարճվել է, իշխանություններից պահանջում է քաղաքական գնահատական տալ ՀՀԿ անդամ մարզպետին, որից պետք է բխեն առնվազն վարչական հետեւանքներ՝ պաշտոնանկության ձեւով»:




























