2012թ տարվա գույներն են սպիտակը, դեղինը կանաչը, կարմիրը, կաթնագույնը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը` խորհուրդ տալով զերծ մնալ սեւից եւ մոխրագույնից: Նա նշեց, որ գույներն ահռելի ազդեցություն ունեն մարդկանց վրա: Այս տարվա երկրորդական գույներն են վարդագույնը եւ բաց կապույտը, որոնք ցանկալի է, որ լինեն ինտերիերում: Տարվա քարերն են մարգարիտը, վագրի աչքը եւ լուսնաքարը: Մետաղներից իշխում է արծաթը, աստղաբանը խորհուրդ է տալիս սեղանին դնել ձիթապտուղ եւ ծովամթերք: Այս տարվա գլխավոր թվերն են 2-ը եւ 7-ը, ըստ որում, Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով, 2-ի հետ կարելի է օգտագործել 1-ը, իսկ 7-ի հետ` 4-ը:
Աստղաբանը անդրադարձավ նաեւ 2012թ «սպասվող» աշխարհի վերջին: Նա նշեց, որ աշխարհի վերջը հնարավոր է 2013թ փետրվարի 18-19-ին: «Սպասվում են մտավոր դաշտի ոլորտում փոփոխություններ: Կործանումներ չեն լինելու, մարդկությունը մի օրում չի վերանալու: Մարդկանց մտաձեւերի փոփոխություն է սպասվում, որը կարող է հանգեցնել մտավոր շեղումների»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ սրանք կանխատեսումներ են, ոչ թե գուշակություններ: Ի դեպ, այս տարի եւս հագեցած կլինի բնական աղետներով:




























