Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն է քննարկվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության` «Արեւելյան գործընկերության» հարցերով հատուկ ներկայացուցիչ Օննո Հաննթինգի ու Հայաստանում Նիդերլանդների դեսպան Փիթեր Յան Լանգենբերգի նոյեմբերի 13-ին կայացած հանդիպմանը։
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են «Արեւելյան գործընկերության» շրջանակում համագործակցության հեռանկարները։ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, եւ որ ասոցացված համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման լավ հիմք է։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, կարեւորել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջեւ եւ սահմանի բացումը՝ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման տեսակետից։




























