Բալթյան երկրները Լեհաստանի հետ աշխատում են իրենց էներգետիկ ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ, որն անհրաժեշտ է Ռուսաստանից իրենց էներգահամակարգերի անջատման համար, Reuters-ին հայտնել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչյունասը՝ տարածաշրջանում ստորջրյա մալուխների վնասման դեպքերից հետո:
Բալթյան և լեհական էլեկտրացանցերի պետական օպերատորները աշխատում են համաձայնագրի շուրջ, որը կապահովի անջատված համակարգի անխափան աշխատանքը, ինչպես նաև այն անհրաժեշտության դեպքում վերականգնելու մեխանիզմների շուրջ, գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Ժիգիմանտաս Վայչյունասը:
«Նպատակն է կազմել ընդհանուր ցանկ և համաձայնության գալ անհրաժեշտ միջոցառումների և դրանց ֆինանսավորման աղբյուրների շուրջ: Եվ իրականացնել դա հնարավորինս արագ», - ասել է նա:
Իր հերթին լեհական PSE էլեկտրացանցերի օպերատորը Reuters-ին հայտնել է, որ բանակցություններ են ընթանում Բալթյան երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների պաշտպանությունը ուժեղացնելու համատեղ ծրագրերի և դրանց համար Եվրամիության աջակցությունը ստանալու վերաբերյալ:
Դեկտեմբերի 25-ին վնասվել էր Էստոնիան և Ֆինլանդիան կապող Estlink 2 էլեկտրամալուխը, ինչը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո տարածաշրջանում ենթակառուցվածքների վնասման վերջին դեպքն էր: Ռուսաստանը հերքում է իր առնչությունը: Դեկտեմբերի 27-ին Ֆինլանդիան բռնագրավել է ռուսական նավթ տեղափոխող նավթատար, որը, ըստ երկրի իշխանությունների, խարիսխը քաշել է ծովի հատակով: Վայչյունասի խոսքով՝ ի պատասխան Լիտվան էլիտար ոստիկանությանն է հանձնարարել ապահովել Լեհաստանի հետ իր էներգետիկ կապը, որը կոչված է ապահովելու Բալթյան երկրների էներգամատակարարման համաժամանակայնացումը մայրցամաքային Եվրոպայի հետ, և իր խոշորագույն գազային էլեկտրակայանը, որը կենսական նշանակություն ունի անջատման համար:
«Սա (Estlink 2-ի վնասումը) ուղղակի ազդեցություն է ունեցել ոստիկանական ուժերի ներգրավման որոշման վրա, - ասել է Վայչյունասը: - Նախկինում մենք կարծում էինք, որ մասնավոր պահպանությունը բավարար է, բայց այժմ մենք տեսնում ենք, որ անվտանգության հարցում պահանջվում է կառավարությունների լիարժեք ուշադրությունը»:
Նախարարի խոսքով՝ Լիտվան աշխատում է Շվեդիայի հետ իր NordBalt էներգետիկ կապի վերահսկողության ուժեղացման ուղղությամբ, այդ թվում՝ ցանկացած վնասի պատճառի արագ բացահայտման համար: Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի էներգահամակարգերը միավորված են Ռուսաստանի և Բելառուսի հետ ընդհանուր ցանցում: Բալթյան երկրները նախատեսում են անջատվել փետրվարի 8-ին՝ ստանձնելով սեփական էներգահամակարգի կառավարման պատասխանատվությունը մի քանի տարվա արդիականացումից հետո, որի համար հատկացվել է եվրոպական 1,6 միլիարդ եվրո ֆինանսավորում: PSE լեհական ընկերությունը հայտարարել է, որ սերտորեն համագործակցում է իր ուկրաինացի գործընկերոջ հետ՝ Լեհաստանի Ժեշուվը Ուկրաինայի Խմելնիցկի ատոմային էլեկտրակայանի հետ կապող գծի անվտանգության ապահովման համար:



























