Միջազգային վարկանշային Fitch գործակալությունըպատրաստվում է իջեցնել եվրագոտու 6 երկրների վարկանիշները, այդ թվում` Իտալիայի: Ֆրանսիայում դեռեւս պահպանվում է ամենաբարձր ցուցանիշը, սակայն այդ երկրի վերաբերյալ կանխատեսումները եւս բացասական են, իսկ դա նշանակում է, որ Ֆրանսիայի վարկանիշը կարող է նվազել երկու տարվա ընթացքում, տեղեկացնում է Reuters-ը:

Fitch-ի տեղեկացմամբ` դեկտեմբերի 9-ի ԵՄ գագաթաժողովից հետո ակնհայտ դարձավ, որ «եվրագոտու ճգնաժամի համալիր լուծումը տեխնիկապես եւ քաղաքականապես անհասանելի է» եւ «հատկապես տագնապահարույց է հուսալի ֆինանսական ապահովագրության բացակայությունը»: «Եվրագոտու ճգնաժամի համակարգային բնույթը խոր անբարենպաստ ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա»,- ասվում է Fitch-ի  հաղորդագրության մեջ, գրում է«Ռոսբալտ»-ը:

Գործակալությունը բացասական վերանայման է դրել Բելգիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Իտալիայի,  Իռլանդիայի եւ Կիպրոսի վարկանիշները, ինչը նշանակում է, որ մոտակա երեք ամիսներին դրանք կարող են կրճատվել:

Moody`s գործակալությունն արդեն երկու աստիճանով իջեցրել է Բելգիայի վարկանիշը եւ հայտնել, որ մոտակա երկու տարում եւս իջեցման հավանականություն կա: 

Standard & Poor`s-ը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ եվրագոտու 17 երկրներից 15-ին վարկանիշի իջեցում է սպառնում: