NEWS.am-ը ներկայացնում է հատված Արեւմտյան Եվրոպայում ՀՅԴ համանախագահ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հարցազրույցից, որը հրապարակել է «Nouvelles d`Arménie»-ն Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ուրացման քրեականացման օրենքի նախագծի քվեարկությունից մի քանի օր առաջ: 

Ներկայացրեք դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների հանձնաժողովի ընդունած եւ խորհրդարանի դեկտեմբերի 22-ի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծի էությունը:

Նոր տեքստը նախագահական մեծամասնության կողմից ընդգրկվել է Ազգային ժողովի գերակա օրակարգում: Այն համընդհանուր է դարձնում Հայոց ցեղասպանության ուրացման քրեականացման հարցը, քանի որ տեքստը վերաբերում է ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների վիճարկմանը: Օրենքը վերաբերում է հայերի եւ հրեաների ցեղասպանություններին:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել էր նմանատիպ տեքստ, որի նպատակը նույնն էր: Ի՞նչ անհրաժեշտություն կար ներկայացնել նոր տեքստ, եթե օրենքն արդեն ընդունված է:

Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսու Օլանդը 2006թ. հոկտեմբերին գործի դրեց իր ամբողջ քաղաքական կշիռը` Ազգային ժողովում օրենք անցկացնելու համար: Դրա դեմ պայքարում էին թուրքական կառավարության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործակալները: Տեքստը Սենատում արգելափակում է աջ մեծամասնությունը: Թեկնածու Նիկոլա Սարկոզին էր հայ համայնքին գրավոր խոստացել նախագահ ընտրվելուց հետո աջակցել օրենքի հաստատմանը: Սակայն 2011թ. ապրիլի 30-ին Նիկոլա Սարկոզին հստակ հայտարարեց, որ չի նպաստելու այդ օրինագծի ընդունմանը: Մայիսի 4-ին Ժողովրդական շարժման միության խմբակցությունն արգելափակեց օրենքի ընդունումը: Սեպտեմբերի 26-ին Ալֆորվիլում ՀՅԴ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Ֆրանսուա Օլանդը մեկ անգամ եւս հաստատեց իր աջակցությունը եւ խոստացավ նպաստել Սենատում օրենքի հաստատմանը: Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց եւ Երեւան կատարած պաշտոնական այցի ժամանակ Նիկոլա Սարկոզին ժողովրդականություն գտնելու մղումով խոստացավ ընդունել օրինագիծը, եթե Թուրքիան մինչեւ տարեվերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիական քաղաքականության դիտորդները եզրակացնում են, որ Հանրապետության նախագահը սկսել է նախընտրական արշավ եւ չի ցանկանում այդ նախաձեռնությունը թողնել Ֆրանսու Օլանդին: Այդ պատճառով Սարկոզին զուգահեռ գործողություն սկսեց Վալերի Բուայեի գլխավորությամբ:

Կարո՞ղ է այս նոր օրենքը բացասական ազդել Ազգային ժողովի նախկինում ընդունած եւ մինչեւ այժմ Սենատում արգելափակված օրենքի քվեարկության վրա:

Նոր օրինագիծը փոխարինում է նախորդը: Մեզ հետ խորհրդակցել են, եւ մենք տվել ենք մեր համաձայնությունը: Թեեւ մենք գիտակցում ենք, որ աջերը ցանկանում են առաջիկա ընտրություններից առաջ կատարել քաղաքական քայլ` ներկայացնելով սեփական տեքստը եւ սպանելով 2006թ. հոկտեմբերի 12-ին եւ 2011թ. մայիսի 4-ին սոցիալիստների ներկայացրած նախագիծը: Բայց կարեւորն այն է, որ Հայոց ցեղասպանության ուրացումը արգելվի Ֆրանսիայում: Նոր օրենքը արգելում է օրենքով ճանաչված ցեղասպանությունների վիճարկումը: Դա վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը: Մենք պետք է ողջունենք սոցիալիստ պատգամավորներին, որոնք կքվեարկեն Ժողովրդական շարժման միության պատգամավորների ներկայացրած տեքստի օգտին: Մենք նաեւ կգնահատեինք, եթե նախագահ Սարկոզիի կուսակցությունը նույնն աներ մայիսի 4-ի քվեարկության ժամանակ:  

Ի՞նչ քաղաքական վերլուծություն կարելի է անել Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրենսդրական ակտերի աճի կապակցությամբ:

Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը չի կարող լինել քաղաքական հաշվարկների առարկա: Մեզ անհրաժեշտ է օրենսդրական զինանոց: Թուրքական կառավարությունն Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու համար Փարիզ է գործուղում բազմաթիվ խորհրդարանականների եւ դիվանագետների: Ֆրանսիական հասարակությունը պետք է վճռականորեն դատապարտի այդ անընդունելի միջամտությունը: Թուրք նախարարը սպառնում է Ֆրանսիային` պահանջելով չկատարել «անդառնալին»: Թուրքական դիվանագիտությունը ֆրանսիական կառավարության դեմ վարում է սպառնալիքի եւ շանտաժի քաղաքականություն: Իսկ Ֆրանսիայում ոչ ոք չի պահանջում Թուրքիայից լռել եւ մնալ դիվանագիտական իրավասությունների շրջանակում: Մենք գիտենք, որ թուրքական կառավարությունը դաշնակիցներ ունի ամենաբարձր կառավարական մակարդակում: Մենք կոչ ենք անում բոլոր ձախ եւ աջ պատգամավորներին դեկտեմբերի 22-ին քվեարկել ուրացման դեմ: