Ադրբեջանի Լենքորանի շրջանի Նարիմաբադ գյուղն օրեցօր ավելի է նմանվում Սիրիային, Լիբանանին ու Բենղազիին. այստեղ բնակիչների դեմ ռետինե գնդակներ եւ արցունաբեր գազ են կիրառում, 17 զրահաապատ մեքենա են մտցրել գյուղ, շատ ծանր վիճակ է ստեղծվել: Նման խոստովանություն է արել Նարիմանաբադ գյուղի բնակիչներից մեկը` նկարագրելով գյուղում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ Նարիմանաբադ գյուղում ավելի քան երեք օր է, ինչ շարունակվում են բողոքի զանգվածային ելույթները, իրադրությունը գնալով ավելի է բարդանում. գյուղը շրջապատվել է ոստիկանության կողմից եւ խիստ վերահսկողության է ենթարկվում:
Տեղաբնիկները պահանջում են, որ պատժի ենթարկվեն ՆԳՆ ուժերի այն ջոկատները, որոնք արցունքաբեր գազ ու էլեկրաշոկ են կիրառել իրենց դեմ: Ձկնորսներից մեկն էլ ասել է, որ սահմանապահները անիմաստ պահանջներ են առաջադրել իրենց, իսկ հետո էլ բախումներ են սկսվել:
«Պետական սահմանային ծառայության Լենքորանի հարցերով ղեկավար Ադիլ Աբդուլաեւը կաշառք է պահանջել գյուղի համայնքից: Նա ձկնորսներից ամսեկան երկու հարյուր մանաթ (250 դոլար գումար) կաշառք է պահանջել: Սահմանապահ ուժերի հիմնական խնդիրը ոչ թե սահմանների անվտանգությունն էր, այլ ձկնորսներից գումար վերցնելը»,-ասել է բնակիչներից մեկը, մեջբերում է «Ենի Մուսավաթը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի Լենքորանի շրջանում ադրբեջանական զորքեր են տեղակայվել, քանի որ Նարիմանաբադ գյուղում բախումներ են սկսվել տեղաբնիկների եւ զինվորականների միջեւ: Զինվորականները ձկնորսներից մեծ գումար են պահանջել, որպեսզի թույլ տան նրանց մոտենալ ծովին: Դրա հետեւանքով տեղաբնիկների համբերության բաժակը լցվել է, եւ նրանք հաշվեհարդար են փորձել տեսնել զինվորների հետ: Սկսված բախումների արդյունքում ավանում ծանր իրադրություն է ստեղծվել, մեկ մարդ զոհվել է, զինվորներից մեկին էլ գերի են վերցրել:
Ներկայումս Լենքորանի եւ Մասալայի ՆԳՆ Զորքերը տեղակայվել են Նարիմանաբադում` իրադրությունը հանդարտեցնելու նպատակով: Վերջին տեղեկություններով, խոստացել են տաս ազատ արձակել հինգ հոգու, իսկ բնակիչները սպառնացել են, որ եթե նրանց բաց չթողնեն, իրենք կշարունակեն բողոքի ակցիաները:




























