Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում տեղակայված ռազմական կորպուսում մի շարք անօրինականություններ են տեղի ունեցել, այստեղ պահումներ են արվում` զինվորներին հատկացված ուտելիքի հաշվին: Այդ մասին հաղորդում է «Բաքու տեղեկատվական գործակալությունը»` վկայակոչելով իր հավաստի տեղեկատվական աղբյուրները: Նշվում է, որ կորպուսի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյաները յուրացնում են սպաների աշխատավարձերը: 

«Կորպուսի հրամանատարությունը տարվա կտրվածքով մի քանի անգամ հավաքներ է անցկացնում եւ որոշում կայացնում կրճատել ծառայության ընթացքում բացթողումներ գրանցած սպայական անձնակազմի աշխատավարձերը: Բացի այդ, սպայական անձնակազմի համար երկու քարտ են պատրաստում: Մեկը, սպաներին հանձնվում է պետության կողմից: Այդ քարտերը կորպուսի հրամանատար Քերեմ Մուստաֆաեւին մոտ կանգնած մարդկանց կողմից որպես ավանդ է պահվում: Երկրորդ քարտն էլ պատրաստվում է կորպուսի կողմից: Երբ կենտրոնից գումար է փոխանցվում սպաների հաշվեհամարին, այդ գումարի կեսը հրամանատարությունը յուրացնում է, իսկ կեսը փոխանցում կեղծ քարտի վրա»,-հայտնում է աղբյուրը:

«Բաքու տեղեկատվական գործակալության» փոխանցմամբ, հրամանատարությունը յուրացնում է նաեւ զինվորներին հատկացվող սնունդը, օրինակ, 750 գրամ հացի փոխարեն, 500 գրամ է հատկացնում եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի Զինված ուժերի Նախիջեւանի կորպուսում ապստամբություն կարող է սկսվել: Տարիներ շարունակ Նախիջեւանի կորպուսում խախտվում են բոլոր տեսակի օրենքները, իսկ կառումպացվածության մակարդակը չափազանց բարձր է: