Սիրիայի ընդդիմադիր  ազգային խորհուրդը (ՍԱԽ) հայտարարել է օտարերկրյա ռազմական միջամտության գաղափարին աջակցելու իր մտադրության մասին` իշխող վարչակազմի կողմից բռնությունները դադարեցնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավար Բուրհան Գալիունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ստորագրվել էր արաբական պետությունների լիգայի արձանագրությունը, համաձայն որի երկրում թույլատրվել էր դիտորդների մուտքը: Սակայն ՍԱԽ-ի ղեկավարը դա գնահատել է իբրեւ քաղաքական մանեւր Սիրիայի իշխանությունների կողմից:

«Մենք կարծում ենք, որ խոսքերը ոչ մի արժեք չունեն: Դա ընդամենը խորամանկություն է, որը վարչակարգը ձեռնարկել է իր հանցանքները կոծկելու համար», - հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդը: Նրա խոսքով` եթե կառավարական ուժերի կողմից բռնությունները շարունակվեն, ընդդիմությունը ցուցարարներին պաշտպանելու համար արաբական երկրներից ռազմական օգնություն կխնդրի, հաղորդում է АВС-ն:

Միաժամաանակ, դեկտեմբերի 19-ին իրավապահները հայտնել են, որ Սիրիայում դասալքության փորձ կատարելիս 60-ից ավելի զինվորականներ են սպանվել: Դասալիքներին կրակել են երկրի հյուսիսարեւմտյան Իդլիբ նահանգում: Ընդհանուր թվով 60-70 զինվորական է սպանվել, հաղորդում է   BBC-ն:

Նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որում դատապարտել է Սիրիայում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումները: Կազմակերպության տվյալներով` հակակառավարական ցույցերի ընթացքում նվազագույնը 5 հազար մարդ է զոհվել: Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին բանաձեւն անվանել է իր երկրի դեմ  «սատանայական» դավադրություն:

Միաժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շարունակվում է Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձեւի քննարկումը: Փաստաթուղթը կոչ է անում դադարեցնել երկրի արյունահեղությունը, բայց Սիրիայի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի նախատեսում: Միեւնույն ժամանակ, բանաձեւի տեքստում խոսվում է հակակառավարական ցույցերի ընթացքում մարդկանց մահվան հանգամանքները հետաքննելու անհրաժեշտության մասին, գրում է utro.ru-ն:

Սիրիայում զանգվածային անկարգությունները շարունակվում են մարտից: Խռովությունների մասնակիցները պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը եւ կառավարությանը մեղադրում են խաղաղ բնակչության նկատմամբ զենք կիրառելու մեջ: