ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով բանակցություններ կվարեն ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է ճապոնական կողմը: Հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: Հայտնի է միայն, որ բանակցությունները տեղի կունենան շատ շուտով:

BBC-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայի միջեւ հեռախոսազրույց է կայացել: Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ն հաստատում է իր պարտականությունները հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրի մահից հետո Ասիայի իր դաշնակիցներին աջակցելու հարցում:

Օբաման նաեւ ընդգծել է Կորեական թերակղզում եւ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորությունը, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Տեղի ունեցածի նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա մտահոգություն է հայտնել ԿԺԴՀ ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ` հաշվի առնելով առաջնորդ Կիմ Չեն Իրի մահից հետո սպասվող իրադարձությունների հնարավոր զարգացումները, հայտնում է Reuters-ը:

Քլինթոնը հույս է հայտնել, որ ԿԺԴՀ  նոր առաջնորդները կընտրեն «խաղաղության ուղին» եւ նրանց կոչ է արել համագործակցել միջազգային կառույցների հետ` միաժամանակ առավել շատ ուշադրություն դարձնելով հարեւանների հետ հարաբերություններին:

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ԿԺԴՀ-ին եւ կոչ է անում երկրի ղեկավարությանը մուտք գործել Կորեական թերակղզու խաղաղության, բարգավաճման եւ անվտանգության նոր դարաշրջան», - նշել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ԿԺԴՀ  առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին, 69 տարեկան հասակում: Պաշտոնապես Կիմ Չեն Իրի ժառանգորդը նրա կրտսեր որդի Կիմ Չեն Ընն է: