Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցմամբ դիմել է Ուկրաինայի իշխանություններին` խնդրելով հստակեցնել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակլման եւ կալանքի տակ պահելու բոլոր հանգամանքները:

Հարցումը տեղակայված է Ստրասբուրգի դատարանի պաշտոնական կայքում: Այն մեղադրող կողմին եւ փաստաբաններին ուղղված 6 հարց է պարունակում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսպես, դատարանին հետաքրքրում է`արդյոք Տիմոշենկոն անհրաժեշտ բժշկական օգնությություն ստացել է, թե ոչ: Բացի այդ, դատարանը որոշել է Տիմոշենկոյի բողոքն ուսումնասիրել առաջնահերթության կարգով:  Եթե սովորական դեպքերում այդ գործընթացը կարող է ձգձգվել մի քանի տարի, ապա այս դեպքում գործը ուսումնասիրման դնելու վերջնական որոշումը կկայացվի 3-4 ամսում:

Հիշեցնենք, Տիմոշենկոն մեղադրվում է Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելիս լիազորությունների գերազանցման մեջ: Հոկտեմբերի 11-ին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Վերջին ամիսներին Տիմոշենկոյի առողջությունը, ինչպես ինքն ու իր կողմնակիցներն են նշում, կտրուկ վատացել է:

Ներկայումս Կիեւի բողոքարկիչ դատարանը նախկին վարչապետի ներկայացրած բողոքի վերաբերյալ նախնական լսումներ է անցկացնում: