Տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կազմել է 2.4 %, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում` հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.3 %-ով: Նշենք, որ նոյեմբերի ակտիվության ցուցանիշը հունիսից հետո ամենացածր արդյունքն է:

Նախորդ ամսվա նկատմամբ տնտեսական ակտիվության անկումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական գործունեության սեզոնային դադարով:

Տնտեսության ճյուղերը հիմնականում պահպանում են նախորդ ամիսների դրսեւորած միտումները: Արդյունաբերության աճն արագանում է, սակայն տնտեսության մյուս ճյուղերը պահպանում են դանդաղ աճի կամ անկման տեմպերը: Նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 18.8 %, առեւտրի շրջանառությոնն աճել է 3.4 %-ով, ծառայությունների ծավալը` 4.4 %-ով: Փոխարենը` անկում կա շինարարության մասով` 13.3 %, սակայն նախորդ ամիսների համեմատ շինարարության անկման տեմպը դանդաղել է:

Արտասովոր բարձր աճ է արձանագրվում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, պայմանավորված դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանմամբ: Այսպես` նոյեմբերին արտադրվել է 654 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը գերազանցում է 62 %-ով, իսկ հոկտեմբերի ցուցանիշը` 42 %-ով: