Ամերիկյան CBS News հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դե Վենսը ծրագրում է Մյունխենի անվտանգության համաժողովում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Փոխնախագահի պաշտոնում ընտրվելուց առաջ Վենսը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը:
Ըստ լրատվամիջոցի՝ անցած շաբաթ ուկրաինական պատվիրակությունը Պետքարտուղարությունում արդեն բանակցություններ է վարել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։ Վերջինս կմասնակցի փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկելիք համաժողովին, հաղորդում է BBC-ն։
CBS News-ը հիշեցնում է, որ ուրբաթ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ «կարող է հանդիպել» Զելենսկու հետ։ Հրապարակման մեջ նշվում է, որ նման հանդիպման կոնկրետ ժամկետ դեռ որոշված չէ, սակայն այն կարող է անցկացվել Վաշինգտոնում։
Զելենսկին բազմիցս ասել է, որ Թրամփի հետ իր հանդիպումը պետք է տեղի ունենա Ռուսաստանի ղեկավարի հետ ԱՄՆ նախագահի բանակցությունների մեկնարկից առաջ։





























