«Գրավիր Լոնդոնը» շարժման ակտիվիստները  գրավել են բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող դատարանի շենքը: Հակակապիտալիստները մտադիր են գրավված շենքում «հարուստների դեմ դատական գործընթացներ սկսել»:

Ցուցարարները շենքի ճակատին հսկայական բաններ են տեղադրել` «Գրավիր ամեն ինչ» կարգախոսով  եւ սկսել են մեծ ցուցանակի վրա գրել այն բանկերի եւ քաղաքական գործիչների  անունները, որոնց գործով մտադիր են «դատալսումներ անցկացնել», գրում է The Daily Mail-ը:

Խմբագրությունը նաեւ տարակուսում է, թե ինչպես է ցուցարարներին հաջողվել զրահապատ մեքենայով անխոչընդոտ երթեւեկել քաղաի կենտրոնով:

Օլդ սթրիթի մագիստրոսական դատարանի շենքը, որը գրավել են ակտիվիստները, դատարկ է 1996թ.-ից:  Ակտիվիստներն այժմ մտադիր են պրոֆեսիոնալ իրավաբանների հետ խորհրդակցել «1%-ի դեմ դատալսումներ անցկացնելու համար», այսինքն` աշխարհի հարստություններն իրենց ձեռքն առած փոքրամասնության դեմ:

«Գրավիր Լոնդոնը» շարժման հաղորդագրության մեջ ասվում է, որ դրանք կլինեն հանրային լսումներ, որոնք կբացահայտեն իրենց դիրքը չարաշահողների հանցագործությունները:  Առաջին դատալսումները շարժումը մտադիր է նրանց դեմ անցկացնել, որոնք «կործանել են համաշխարհային տնտեսությունը, բրիտանական սոցիալական համակարգը» եւ «մարդկանց զրկել քաղաքացիական իրավունքներից»:

Դատարանի շենքը ցուցարարների գրաված արդեն չորրորդ շենքն է:  Դեկտեմբերի 15-ին նրանք փորձել են գրավել լոնդոնյան ֆոնդային բորսայի շենքը:  Ոստիկանությունը նրանց թույլ չի տվել մուտք գործել բորսայի դիմաց գտնվող հրապարակ, նրանք էլ ի պատասխան քանդել են Սուրբ Պողոսի տաճարի  հարեւանությամբ տեղակայված վրանային ճամբարը:

Ավելի ուշ գրավվել էին Ֆինսբեր սքվերի հրապարակը եւ Լոնդոնի արեւելքում գտնվող Հաքնի շրջանի` շվեյցարական  UBS բանկին պատկանող դատարկ շինությունը: