Ստրասբուրգի դատարանը, որը Ռուսաստանին պարտադրել էր  «Նորդ Օստ»-ի  զոհերի համար փոխհատուցում վճարել, հատուկ ծառայությունների գործողությունների մասին նոր մանրամասներ է բացահայտել:

Ամերիկյան անկախ փորձագետների խումբը հայտարարել էր, որ գրոհի ընթացքում 130 պատանդների մահվան պատճառ է դարձել հատուկ ծառայությունների աշխատակիցների կիրառած անծանոթ գազի խիստ մեծ չափաբաժինը, որն օգտագործվել է ահաբեկիչներին  քնեցնելու  համար:

Համաձայն ռուսական կառավարության առարկության` գազի բոլորի համար անվտանգ չափաբաժինը հաշվարկելն անհնար էր, քանի որ պատանդները տարբեր հեռավորությունների վրա են գտնվել: Ըստ ՌԴ կառավարության` գրոհի ընտրված տարբերակն արդարացված էր, քանի որ ռումբի պայթյունի հավանականություն կար, ինչի արդյունքում կարող էին զոհվել բոլոր պատանդները:

7 դատավորներից կազմված Եվրոպական դատարանի հանձնախումբը միաձայն ընդունել է, որ Դուբրովկայի դեպքերի ընթացքում մարդկանց զանգվածային ոչնչացման իրական սպառնալիք կար, եւ ՌԴ իշխանությունները բոլոր հիմքերն ունեցել են ահաբեկիչների հետ բանակցությունները դադարեցնելու եւ գրոհ կազմակերպելու համար:  Նրանք արդարացված են համարել նաեւ գազի կիրառումը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Սակայն դատարանը նաեւ նշել է, որ գրոհի գործողությունները լավ ծրագրված չեն եղել եւ գազի կիրառումից հետո էլ տուժածներին համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել:

Հիշեցնենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանի իշխանություններին պարտադրել էր 9-66 հազար եվրոյի տուգանք վճարել` հօգուտ Դուբրովկայի թատրոնում պատանդների ազատագրման համար իշխանությունների գրոհի ընթացքում 64 տուժածների: http://news.am/arm/news/86546.html Այդ կերպ, փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է 1,3 մլն եվրո: