Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարգադրել է իր նախարարներին չստորագրել առաջարկվող համաձայնագիրը, որն իրավունք է տալիս Միացյալ Նահանգներին օգտվել Ուկրաինայի հազվագյուտ հողային հանքանյութերից, քանի որ փաստաթուղթը չափազանց կենտրոնացած է ԱՄՆ շահերի վրա, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության աղբյուրի վկայությամբ, այդ առաջարկը, որը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ուրբաթ օրը Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի բանակցությունների կենտրոնում էր, անվտանգության ոչ մի երաշխիք չէր տալիս։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան գործարքից հրաժարվելու Զելենսկու որոշումն, առնվազն այս պահին, «անհեռատեսություն» է անվանել:

«Ես թույլ չեմ տվել նախարարներին ստորագրել այդ համաձայնագիրը, քանի որ, իմ կարծիքով, այն պատրաստ չէ պաշտպանել մեզ, մեր շահերը»,- շաբաթ օրը Մյունխենում հայտարարել է Զելենսկին Associated Press-ին։

Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, առաջարկը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է օգտագործել Ուկրաինայի հազվագյուտ հանքանյութերը «որպես փոխհատուցում» Բայդենի վարչակազմի Ուկրաինային արդեն տրամադրած աջակցության և ապագա օգնության դիմաց, ասել են ուկրաինացի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։

Ուկրաինան ունի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ, որոնք օգտագործվում են օդատիեզերական, պաշտպանական և միջուկային արդյունաբերության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նշել է, որ շահագրգռված է դրանց հասանելիություն ստանալու հարցում, որպեսզի նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից, սակայն Զելենսկին ասել է, որ հանածոների ցանկացած շահագործում պետք է կապված լինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ՝ Ռուսաստանի ապագա  ագրեսիան զսպելու համար:

«Ինձ համար անվտանգության երաշխիքների և ներդրումների միջև կապը շատ կարևոր է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ընդ որում Զելենսկին չի մանրամասնել, թե ինչու է իր պաշտոնյաներին հրահանգել չստորագրել փաստաթուղթը, որը չորեքշաբթի օրը Կիև կատարած այցի ժամանակ ուկրաինացի պաշտոնյաներին էր փոխանցել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բասենթը։

«Դա գաղութատիրական համաձայնագիր է, և Զելենսկին չի կարող այն ստորագրել»,- հայտարարել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Իր հերթին, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը ուղղակիորեն չի հաստատել առաջարկը, սակայն հայտարարության մեջ ասել է, որ «նախագահ Զելենսկին անհեռատես է գնահատում Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինային ընձեռված հիանալի հնարավորությունը»:

Թրամփի վարչակազմը հոգնել է  Ուկրաինա ամերիկյան լրացուցիչ օգնություն ուղարկելուց, և Հյուզը հայտարարել է, որ օգտակար հանածոների արդյունահանման գործարքը թույլ կտա ամերիկացի հարկատուներին «վերադարձնել» Կիև ուղարկված գումարը՝ միաժամանակ խթանելով Ուկրաինայի տնտեսությունը:

Հյուզը հավելել է, որ Սպիտակ տան կարծիքով,  «ԱՄՆ-ի հետ ամուր տնտեսական կապերը կլինեն ապագա ագրեսիայի դեմ լավագույն երաշխիքը և կայուն խաղաղության անբաժանելի մասը»։

«ԱՄՆ-ն ընդունում է դա, ռուսները ընդունում են դա, և ուկրաինացիներն էլ պետք է ընդունեն դա»,- ասել է նա։

Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, Միացյալ Նահանգների պաշտոնյաները Մյունխենում ուկրաինացի գործընկերների հետ իրենց քննարկումներում հիմնականում կենտրոնացել են օգտակար հանածոների հետախուզման առանձնահատկությունների և Ուկրաինայի հետ դրա համար հնարավոր գործընկերության ձևավորման վրա: Ուկրաինայում հանքավայրերի հնարավոր արժեքը դեռ չի քննարկվել, քանի որ դրանցից շատերն ուսումնասիրված չեն կամ գտնվում են ռազմաճակատի գծին մոտ: