Ֆրանսիայի` եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնեթին դեկտեմբերի 21-ին կոչ է արել Թուրքիային ճանաչել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որպես պատմական փաստ եւ ժխտել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նախընտրական դրդապատճառներ ունի, ինչը ակտիվորեն քննարկում է Թուրքիան: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Figaro–ն` վկայակոչելով Ֆրանս-Պրեսսը:
«Այսօր բոլոր ժողովուրդները պետք է լինեն ողջախոհ եւ խիզախ ու առերեսվեն իրենց պատմության հետ: Հայոց ցեղասպանություն` հարյուր տարի է անցել այդ իրադարձություններից, պատասխանատուներն արդեն մահացել են, իսկ Թուրքիան ուղղակի պետք է ընդունի պատմական փաստը»,-Radio Classique եւ Public Sénat հեռուստաալիքներին ասել է Ժան Լեոնեթին:
«Միթե ավելի մեծ հարգանքի չեն արժանի ժողովուրդները, ովքեր սթափ մտքով են նայում իրենց պատմական անցյալին»,-հարցրել է նախարարը` այդուհանդերձ ընդունելով, որ հարց է, թե արդյոք «պատմության մասին պետք է խոսեն» օրենսդի՞ր մարմինները թե՞ պատմաբանները: Ժան Լեոնեթին ժխտել է Թուրքիայի կեղծ մեղադրանքները, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նախընտրական դրդապատճառներ ունի: Եթե դա արվեր այն բանի համար, որ «հարկադրեն Ֆրանսիայի հայ համայնքին քվեարկել», ապա «ես կարծում եմ, որ ընդդիմությունը չէր քվեարկի» օրինագծի օգտին: «Բայց սոցիալիստները քվեարկելու են այդ օրինագծի համար, որը ներկայացվել է պատգամավորների, ոչ թե կառավարության կողմից»,-ասել է նա: «Օրինագիծն անմիջականորեն ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր ցեղասպանությունների դեմ», հավելել է նա:




























