Կանադական դրոշ արտադրող Flags Unlimited-ը վերջին վեց շաբաթվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկել է վաճառքը, հայտնում է Fortune-ը։
Քամոտ ձմեռային ամիսները սովորաբար տարվա մեջ ամենադանդաղն են Flags Unlimited-ի համար, որը հավակնում է Կանադայի ամենախոշոր դրոշ արտադրողի կոչմանը:
Ըստ Flags Unlimited-ի համասեփականատեր Մեթ Սքիփի, կարմիր և սպիտակ, թխկու տերևով դրոշի պահանջարկի աճը կանադական հայրենասիրության պոռթկման արդյունք է, որն առաջացել է ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը հրահրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այս վերջին թշնամանքը կամ բանակցությունները կամ խոսակցությունները Թրամփի մասին իսկական կրակ են բորբոքել դրոշների վաճառքի ոլորտում,- ասել է Սքիփը Fortune-ին:- Ինչքան շատ է Թրամփը խոսում, այնքան շատ դրոշներ ենք վաճառում».
Ընկերությունը, որը հիմնված է Կանադայի Օնտարիո նահանգում, սովորաբար տարեկան վաճառում է մոտ 500․000 կանադական դրոշ։ Սակայն Սքիփն այժմ կանխատեսում է, որ ընդհանուր վաճառքը կավելանա տարեկան 30-50%-ով, եթե պահանջարկը պահպանվի ներկայիս մակարդակով:
Թրամփն իր երկրորդ ժամկետի սկզբում գրգռել է կանադացիներին։ Այս ամսվա սկզբին Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրք սահմանելուց հետո Թրամփը 30 օրով հետաձգեց այն՝ ասելով, որ երկրները համաձայնել են բանակցություններ վարել սահմանային անվտանգության ուժեղացման շուրջ:
Իր հերթին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կոչ է արել պատասխան մաքսատուրքեր սահմանել որոշ ամերիկյան ապրանքների վրա, ինչպիսիք են նարնջի հյութը, զուգարանակոնքերը և որոշ պողպատե ապրանքներ, ամեն անգամ, երբ Թրամփը որոշի նորից հարկ մտցնել:
Բացի այդ Թրամփը նաև բազմիցս հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի «51-րդ նահանգը», ինչը վրդովմունքի ալիք է բարձրացրել Կանադայում։





























